Որ ընկերություններին է ստուգելու ՊԵԿ-ը առաջիկա 1 տարում
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ստուգման ենթակա ձեռնարկությունների նոր ցանկ՝ 2013 թ. հուլիսի 1-ից մինչև 2014 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Դրանում ներառված են 1385 կազմակերպություններ, ընդ որում՝ ցանկում քիչ չեն այնպիսինները, որոնցում վերջին անգամ ստուգում իրականացվել է 2012 թ-ին և նույնիսկ 2013 թ-ին: Օրինակ՝ «Ալֆա-Ֆարմ», «Սկարլետ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Արփա-Սևան» ԲԲԸ-ն, «Գետամեջի թռչնաֆաբրիկա» (ընկերության լուծարման գործընթաց էր սկսվել), «Աթենք», «Դերժավա-Ս» և այլն: Նկատենք, որ ՊԵԿ-ն իր հաճախակի ստուգումները պատճառաբանում է տնտեսավարողի ռիսկայնության աստիճանով:
Անցած տարեվերջին հրապարակված 2013 թ. տարեկան ստուգումների ցուցակում ներառված էին 1566 տնտեսվարողներ: 168.am-ին ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանեցին, որ 2 ցուցակի առկայությունը պայմանավորված է հաշվետվողականության ժամկետներով, և այսուհետ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի` «հարկային մարմինը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար»: