Քրդերը փոխհատուցում են պահանջում Իրաքին քիմիական զենք մատակարարողներից
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1988 թվականին Իրաքի Խալաբջա քաղաքում իրականացված գազային հարձակումից տուժած իրաքյան 20 քրդեր ֆրանսիական իշխանություններից պահանջել են հետաքննություն անցկացնել այն ընկերության հանդեպ, որը Սադդամ Հուսեինին մատակարարել է քիմիական զենքի պատրաստման բաղադրատարրեր:
Ակտիվիստների փաստաբանը հայտարարել է, որ համանման պահանջներ են ներկայացվելու նաև ԱՄՆ-ին, Գերմանիային, Նիդերլանդներին և մի շարք այլ երկրների, որոնց ընկերություններն Իրաքին վաճառել են զենքի պատրաստման մեջ օգտագործվող քիմիկատներ:
Քրդերի կարծիքով՝ այդ ընկերությունները և համապատասխան երկրների կառավարությունները կրում են Իրաքում տեղի ունեցածի պատասխանատվության մի մասը, քանի որ իմացել են, թե ինչու է Հուսենի կառավարությունը գնում դրանք:
Քրդերը մտադիր են փոխհատուցում պահանջելուց բացի, պահանջել նաև եվրոպական լավագույն կլինիկաներում անվճար բուժում ստանալու իրավունք, քանի որ գազային հարձակման հետևանքները դեռ զգացնել են տալիս:
Նշվում է, որ 1988 թվականին իրաքյան բանակը քրդական Խալաբջա քաղաքի բնակչության դեմ կիրառել է մարտական թունավոր նյութեր, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5000 մարդ, որոնց բացարձակ մեծամասնությունը եղել են խաղաղ բնակիչներ:
Դրանով իսկ Սադդամ Հուսեինի կառավարությունը փորձել է վրեժխնդիր լինել քաղաքի բնակիչներից, որոնք աջակցել են Քրդստանի ինքնորոշման համար պայքար մղող քուրդ զինյալներին: Բացի այդ, Բաղդադը կասկածներ ուներ, որ քրդերը համագործակցում են Իրանի հետ, որի դեմ Իրաքը տվյալ ժամանակ (1980-1988) պատերազմ էր մղում: