Իրանում նախագահի թեկնածուներից մեկը հեռուստաբանավեճի ժամանակ «գաղտնի տեղեկատվությո՞ւն» է հրապարակել
NEWSru Israel-ը, վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, հայտնել է, որ Իրանի նախագահի թեկնածու, երկրի Ազգային անվտանագության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» հետ բանակցություններում իրանական պատվիրակության նախկին ղեկավար Հասան Ռոուհանին կարող է բանավեճի ժամանակ «գաղտնի տեղեկատվություն» հրապարակած լինել իրանական միջուկային մշակումների մասին:
Անգամ լուրեր են շրջանառվում, որ այժմ Իրանի Դիտարկման խորհուրդը նրան կարող է հանել նախագահի պաշտոնին հավակնողների ցանկից, սակայն խորհուրդը շտապել է վստահեցնել, որ Ռոուհանիին չի հանել թեկնածուների ցանկից: Դրա հետ մեկտեղ խորհուրդն ընդգծել է, որ իրավասու է ընդհուպ մինչև քվեարկության սկսվելը ցանկացած ժամանակ վերանայել այդ ցանկը:
Նախորդ շաբաթ անցկացված հեռուստաբանավեճի ժամանակ Ռոուհանին և մյուս թեկնածուները սուր քննադատության են ենթարկել նախագահի թեկնածու Սաիդ Ջալիլիին, ով ներկայումս Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնացն է: Ջալիլիի գործընկերները նրան մեղադրել են արևմտյան երկրների հետ բանակցություններում առաջընթացի բացակայության մեջ:
Ռոուհանին, մասնավորապես, հայտարարել է. «Այն բանի պատճառը, որ մեզ անկյուն են մղել, պետք է փնտրել մեր մեջ: Մենք բավականաչափ միջոցներ չենք կիրառել, որ միջուկային թղթապանակը չտրվեր ՄԱԿ ԱԽ-ին: Մեր անզիջում դիրքորոշումն Արևմուտքի համար առիթ դարձավ սահմանել ավելի ու ավելի կոշտ պատժամիջոցներ»: