Բաժիններ՝

Կահիրեի դատարանը ցուցարարների զոհվելու գործով արդարացրել է Մուբարաքի որդիներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի քրեական դատարանն այսօր կայացրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների` Գամալի ու Ալաայի նկատմամբ դատավճիռը՝ կապված 2011 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների զոհվելու հետ:

Դատարանն արդարացրել է նրանց տվյալ գործով, դատավոր Մահմուդ Քյամիլ ար-Ռաշիդին հայտարարել է, որ Մուբարաքի որդիները կարող են հայտնվել ազատության մեջ, եթե նրանց նկատմամբ ներկայացված չեն այլ մեղադրանքներ:

Մուբարաքն ու նրա որդիները պահվում են Կահիրեի մոտ գտնվող «Տորա» բանտում: Մուբարաքի որդիների համար արդեն իսկ լրացել է բոլոր թույլատրելի նախնական կալանքի ժամկետները: Եգիպտական օրենսդրության համաձայն, մեղադրյալը չի կարող բանտում պահվել 18 ամսից ավելի, եթե նրան չի սպառնում ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:

Նշվում է, որ Մուբարաքի որդիների դեմ քրեական գործեր են հարուցված պետական միջոցների վատնման և ապօրինի հարստանալու մասին, ինչը նշանակում է, որ չնայած դատարանի վերոնշյալ որոշմանը՝ նրանք նախկինի նման կմնան կալանքի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս