Էդուարդ Ասատրյանի կազմակերպած «սխոդկայում» ընդունված որոշումները վճռորոշ կդառնան ողջ գողական աշխարհի համար
Prime Crime լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի առաջին օրերին Միջերկրական ծովի կղզիներից մեկում խիստ գաղտնի պայմաններում կայացել է մեծ «սխոդկա», որում ընդունված որոշումները մոտ ժամանակներս վճռորոշ կդառնան ողջ գողական աշխարհի համար:
Գործակալության տվյալներով՝ գողական բարձր մակարդակով անցկացված այդ հանդիպմանը մասնակցել է ավելի քան 50 «օրենքով գող», այն կազմակերպել է 44-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Թառափ» կամ «Էդիկ Թբիլիսկի» մականուններով:
«Սխոդկային» հիմնականում մասնակցել են «օրինաճանաչները», որոնք տարբեր պատճառներով ապրում են Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչպիսիք են Մերաբ Ջանգվելաձեն, Վաժա Բիգանիշվիլին, Ռոբինզոն Արաբուլին և Գիվի Գորդելաձեն: Վերջինս պատիվ է ունեցել վարել տվյալ միջոցառումը:
Այսպես կոչված «դեդական» կլանի ներկայացուցիչները՝ ներառյալ հակամարտության մեջ ներքաշված սլավոնական ծագմամբ գողերը նույնպես «սխոդկային» մասնակցելու հրավեր են ստացել, սակայն հերթական անգամ անտեսել են այն:
Միևնույն ժամանակ հենց այդ կոհորտայի տարբեր քայլերն են պատճառ հանդիսացել ընդհանուր «սխոդկա» գումարելու և մանրակրկիտ պարզաբանումների համար: Մասնավորապես, «սխոդկայի» ժամանակ դիտարկվել է «դեդական» անհիմն որոշմամբ, 2011 թվականին Բադրի Կոգուաշվիլիի գողական լիազորությունների կասեցման հարցը:
«Սխոդկայի» մասնակիցները որոշել են համանման միջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցություն են ունեցել դրանում՝ ներառյալ Ռոլանդ Գեգեչկորին և Մերաբ Մզարելուան՝ էլ չխոսած Կարդավա եղբայրների և մյուսների մասին:
Միևնույն ժամանակ գողական գագաթաժողովի օրակարգում եղած գլխավոր հարցերից մեկը եղել է ոչ վաղ անցյալում Մոսկվայում գրանցված միջադեպը, երբ մի դյուժին «դեդական» գողեր խորամանկորեն գաղտնի հանդիպման էին կանչել Էդուարդ և Սերգեյ Ասատրյաններին, ինչպես նաև Գուրամ Չիխլաձեին և Ռոմիկ Ջաֆարովին, որտեղ նրանց լավ ծեծել են:
«Թառափը» խոստացել էր անպատասխան չթողնել այդ վիրավորանքը և այդ հարցը ներկայացրել է գողերի դատին: Ինչպես և սպասվում էր հարձակվող կողմի այդ գործողություններն արժանացել են կոշտ քննադատությունների և կրասնոդարցի Կոբա Ձիձիշվիլին, ով չհանդիսանալով գող և ձեռք բարձրացնելով գողերի վրա, հայտարարվել է օրենքից դուրս: Նույնը վերաբերվում է կրասնոդարցի գող Վադիմ Իվանենկոյին:
Արդյունքում, Ռուսաստանի ամենահարուստ ու բարեկեցիկ շրջաններից մեկը հանդիսացող Կրասնոդարի երկրամասը, ինչպես նաև Ռուսաստանի ողջ հարավը, որն ավելի քան 20 տարի վերածվել էր Դեդ Հասանի «հայրենակալվածքի», այժմ ամբողջությամբ անցել է նրա նախկին հակառակորդների վերահսկողության ներքո: Գաղտնիք չէ, որ և՛ Ասատրյանը, և՛ Ջանգվելաձեն վաղուց երազում էին «դեդականներին» դուրս մղել Ռուսաստանի հարավից:
Չսահմանափակվելով այս ամենով՝ «սխոդկայի» մասնակիցներն ընդունել են վերջին տարիների կարևորագույն որոշումը. ստուգել բոլոր նրանց, ովքեր «թագադրվել» են նախորդ մի քանի տարիներին: Դրա հետ կապված՝ նրանք միանշանակ որոշել են գողեր չհամարել այսպես կոչված «հեռականերին», որոնց ժամանակին գող են ճանաչել հեռախոսով, SMS-ով կամ Skype-ով և որոնք անձամբ ներկա չեն գտնվել այն «սխոդկային», որտեղ հաստատվել է նրանց թեկնածությունը:
Անկասկած է, որ դա առաջին հերթին ուղղված է «դեդական» կլանի դեմ, որն իր շարքերը մեծացրել է նման մեթոդներով: «Սխոդկայի» արդյունքներով գողական ընտանիքը համալրվել է 5-8 նոր անդամով: «Եվրոպացիները» չեն մտահոգվում սեփական որոշումների լեգիտիմության մասին: Նրանք պատրաստ են պաշտպանել դրանք յուրաքանչյուրի առջև, ով կհամարձակվի բողոքարկել ավելի քան 50 ժամանակակից «օրենքով գողերի» կամքը: