Բաշար Ասադը մերժել է Համաշխարհային բանկի անդրկուլիսյան առաջարկը. մամուլ
Լիբանանյան Al-Akhbar թերթի լրագրողը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել լրագրողի բնորոշմամբ «աստամբության սիրտ և թոքեր» հանդիսացող Ալ-Քուսեյրում սիրիական բանակի տարած հաղթանակից օրեր անց:
Սիրիան արդեն մոտ է ճգնաժամից դուրս գալուն, ինչը զգում են նաև նրա հակառակորդները: Ասադը լրագրողին վստահեցրել է, որ Համաշխարհային բանկն իրեն առաջարկել է գաղտնի գործարք, ինչը կտրականապես մերժվել է իր կողմից:
Խոսքը գնում է «շատ շահավետ պայմաններով» 21 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին, որը պետք է ծառայեր երկրի վերականգնմանը: Ասադի խոսքերով՝ Համաշխարհային բանկը ցանկանում է շահավետ նախագծեր ձեռք գցել՝ սիրիական ծովափում նավթ և գազ արդյունահանելու համար:
Ասադը հայտարարել է, որ չի մոռացել երկրի բարեկամներին՝ մանրամասնելով, որ երկրում նավթի ու գազի արդյունահանման իրավունքը շնորհվելու է ռուսական ընկերություններին, իսկ երկրի վերականգնման մասին պայմանագրեր են կնքվելու չինական ընկերությունների հետ:
Ասադի կարծիքով՝ Համաշխարհային բանկը մատը մատին չի տա առանց ԱՄՆ-ի թույլտվության ու ցուցումի: Ասադն ընդգծել է, որ ներկայումս իր գլխավոր մտահոգությունը կապված է հետպատերազմյան ժամանակաշրջանի հետ, ինչը մասնավորապես վերաբերում է տնտեսության և երկրի տարբեր մասերում նորմալ ապրելակերպի վերականգնմանը: