Մամոնտներին վերականգնելը հնարավոր կդառնա 30-50 տարի անց
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մամոնտներին վերականգնելը հնարավոր կդառնա 30-50 տարի անց: Այսպիսի համոզվածություն է հայտնել Կանադայի Մակմաստերի համալսարանի պրոֆեսոր-ծագումնաբան Հենդրիկ Պոյնարը.
«Մեզ մեծապես հետաքրքրում է այդ կենդանիների էվոլյուցիոն պատմությունը, որոնք բնակվել են մոտ 10.000 տարի առաջ և ամբողջովին վերացել են: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել:
Հնարավոր է՝ դրա պատճառը կլիմայական պայմանների փոփոխություններն են կամ էլ այն, որ մարդիկ որսացել են նրանց: Եթե մենք պարզենք դա, ապա կկարողանանք փորձել կանգնեցնել ժամանակակից կենդանատեսակների վերացումը: Դրա համար էլ մենք զբաղվում ենք մամոնտի գենի վերստեղծմամբ:
Մենք գրեթե ավարտել ենք մամոնտի «գենետիկ քարտեզի» կազմման աշխատանքները: Մենք կարող ենք համեմատել, թե ինչով են նրա քրոմոսոմները տարբերվում ասիական փղի քրոմոսոմներից:
Մենք գիտենք, որ մամոնտները հանդիսացել են տվյալ ժամանակվա բնության էկոհամակարգի կարևոր բաղադրիչ: Եթե մեզ հաջողվի մամոնտներին վերադարձնել Սիբիր, ապա հնարավոր է՝ դա դրական դեր կունենա էկոհամակարգի վրա, որն իր վրա է կրում կլիմայական փոփոխությունների ազդեցությունը»: