Արտառոց սպանություն՝ Կոտայքի մարզում (լուսանկարներ)
Հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ակունք գյուղ մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված գյուղից «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա Մարիամ Գասպարյանը, 12-ամյա Շողակաթ Գասպարյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ մահացած վիճակում Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա Անուշ Գասպարյանը։
Ըստ ֆոտոլրագրողի՝ Մարիամն ու Շողակաթը Անուշի երեխաներն են։ Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև ամուսինը, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։ Թե ի՞նչն է մոր մահվան և երեխաների ու ամուսնու վիրավորվելու պատճառը, այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի և նույն բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզում են։
Գյուղում ֆոտոլրագրողին պատմել են, որ ամուսինն է այդ քայլին դիմել, սակայն դա պետք է պարզվի քննության ընթացքում։
Նշված հասցե են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Առաքելյանի և Քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր, ընթերակաների ներկայությամբ բացելով տանը դուռը, ականատես են եղել զարհուրելի տեսարանի։
Տան խոհանոցի և հյուրասենյակի հատակն ամբողջովին արյան մեջ է եղել, իսկ գետնին օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ, որոնք ավագ քննիչ Խանումյանի կողմից առգրավվել են և փաթեթավորվե։
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վ. Պապյանի հանձնարարականով արդեն հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Ա. Առաքելյանը հայտնել է, որ եղել է հիվանդանոցներում, որտեղ տեղափոխվել էին երեխաները. երեխաներից մեկին վիրահատում են այս պահին, մյուսն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։