Մոնսերրատ Կաբալյեն վարպետության դաս անցկացրեց Երևանում (լուսանկարներ)
Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերրատ Կաբալիյի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի Մոնսերատ Կաբալիեի և մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:
Երեկ աշխարհահռչակ երգչուհին Վարպետության դաս է անցկացրել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, որին մասնակցում էին Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, օպերային թատրոնի արտիստները, բազմաթիվ երաժիշտներ և արվեստասերներ: Վարպետության դասին ներկա էին նաև ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տիկինը՝ Գոհար Սարգսյանն, ով Մոնսերրատ Կաբալյեի այցի ողջ ընթացքում ուղեկցում է նրան:
Երգչուհին ունկնդրեց մի քանի տասնյակ երիտասարդների կատարումները, խորհուրդներ տվեց նրանց: Նրան հիացրել էին երիտասարդներից շատերի կատարումները: Ուսանողները դասըթացից հետո խոստովանում էին, որ երբևէ չէին կարող պատկերացնել, որ երբևէ կարող են հանդիպել աշխարհահռչակ սոպրանոյի հետ, խորհուրդներ լսել այն մասին, թե ինչպես պահպանել ձայնը, ինչպիսի երգացանկ ընտրել, ինչպես կառավարել շնչառական համակարգը կատարման ընթացում:
Լուսանկարները՝ Զավեն Խաչիկյանի