6 տարի է՝ կառուցվում է Սուրեն Խաչատրյանի առանձնատունը (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի Բաբայան փողոցի հարևանությամբ (Մոնումենտում) Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը մեծ առանձնատուն է կառուցում: 168.am-ն այսօր եղավ առանձնատան տարածքում: Տան տարածքում գտնվող մարդիկ թույլ չտվեցին ներս մտնել, սակայն որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, թույլ տվեցին տեսանկարահանել կառուցվող առանձնատունը:
Ներկաներն ուղղակիորեն չնշեցին, որ կառուցվող առանձնատունը Սյունիքի նախկին մարզպետին է պատկանում: Նրանցից մեկը նշեց, որ տունը քաղաքապետարանում օրինական ձևով գրանցված է: Մեկն էլ ասաց, թե չգիտի՝ ո՞վ է առանձնատունը կառուցում, քանի որ գրանցված փաստաթղթերը չի տեսել:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ առանձնատան շինարարությունը սկսվել է վաղուց՝ դեռևս 6 տարի առաջ: Շինարարությունն, ըստ նրա, կշարունակվի ևս 2-3 տարի: Նա նաև հավաստիացրեց, որ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին տարածքում չի տեսել: Իսկ մեկ ուրիշն էլ հավաստիացնում էր, թե շինարարության ընթացքում տարածքում մի քանի անգամ տեսել է: Ի դեպ, մեր զրուցակիցը ներկայացավ՝ որպես Հրայր Առաքելյան. «Ես Սուրեն Սերգեյիչի հին ընկերն եմ»: