
Հուսով եմ, որ Ադրբեջանում կանցկացվեն ազատ և արդար ընտրություններ. Մորնինգսթար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) կողմից երրորդ անգամ նախագահական ընտրությունների համար Իլհամ Ալիևի թեկնածության առաջադրումը.
«Նախագահի պաշտոնում իր թեկնածուի առաջադրումը բուն ԵԱԿ-ի գործն է: Պարզապես ես հուսով եմ, որ Ադրբեջանում կլինեն ազատ և արդար ընտրություններ: Մարդիկ կընտրեն նրան, ում ցանկանան»:
Ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի ստեղծման հետ կապված՝ դեսպանը հայտարարել է, որ հատուկ կարծիք չունի նրա մասին՝ հավելելով, որ շատ մեծ հետաքրքրությամբ հետևելու է նրա հետագա գործունեությանը:
Հիշեցնենք, որ ԵԱԿ-ն Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջադրել է երեկ: Դա հնարավոր դարձավ 2009 թվականի սահմանադրական ուղղումներով, որոնցով մեկ անձին թույլատրվում է անսահմանափակ քանակությամբ ընտրվել նախագահի պաշտոնում: