Գյումրիի աշակերտներն իրենց վեբ-կայքն են ստեղծում և ՏՏ ոլորտի խորացված գիտելիքներ են ստանում

2013 թվականի հունիսի 6-ին «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում» (ԳՏՏԿ) տեղի ունեցավ աշակերտների համար նախատեսված ՏՏ խորացված դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Վկայականներն աշակերտներին շնորհեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

Դասընթացի հիմնական նպատակն էր՝ 10-16 տարեկան աշակերտներին տալ ՏՏ ոլորտի խորացված գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց՝ ստեղծել իրենց առաջին վեբ կայքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԳՏՏԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Օֆելյա Գալստյանը` նշելով, որ վկայականների հանձնման արարողության ընթացքում մասնակիցներ Հովհաննես Սարգսյանը, Մակիչ Գաբրիելյանը և Դավիթ Մկրտչյանը ցուցադրեցին և ներկայացրեցին իրենց կողմից պատրաստած՝  «Հայկական դինաստիաներ» և «Музыка и Кино» կայքերը:

«Կայքերի թեմայի ընտրությունը և ձևավորումն ամբողջովին մասնակիցների մտահղացումն էր»,- ասաց Օ. Գալստյանը՝ նշելով, որ երեխաները, ոգևորված լինելով իրենց կողմից նախագծված առաջին կայքից, ցանկություն հայտնեցին շարունակել իրենց կրթությունը ՏՏ ոլորտում և հասնել նորանոր հաջողությունների:

Նշենք, որ դասընթացն ընդգրկում էր հետևյալ թեմաները՝ HTML, CSS, Dreamweaver, Photoshop, ինչպես նաև մասնակիցները՝ շնորհիվ կենտրոնի բարձրորակ մասնագետներ, վեբ դիզայներ Ազնիվ Ծատուրյանի և վեբ ծրագրավորող Քրիստինե Գյուլբենկյանի, հնարավորություն ունեցան ծանոթանալու կայքերի կառուցվածքին և նախագծմանը:

Տեսանյութեր

Լրահոս