«Սևան» ազգային պարկ»-ի գործով դատապարտվել է 4 անձ

«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման նպատակով տրամադրված հողահատկացումների ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 4 քրեական գործ` 4 անձի վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ և նշված անձինք դատապարտվել են:

Այսպես` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման նախկին պետը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածքային ստորաբաժանման նախկին երկու պետերը, ովքեր նշված պաշտոնում աշխատել են 1999-2010 և 2010-2011թթ., մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ձեռնարկում է միջոցներ` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ: Դատարան է ներկայացրել 53 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու և չվճարված վարձավճարների գումարները բռնագանձելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս