
Թուրքիայում բնակչության գրեթե 1/3-ը աղքատության շեմին է

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի բնակչության գրեթե 1/3-ը դասվում է աղքատների ու կարիքավորների կատեգորիային: Այս մասին նշված է Սոցիալական քաղաքականության ու ընտանեկան հարցերով նախարարության կողմից հրապարակած 2012 թվականի հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ 6.700.000 տնային տնտեսության ավելի քան 23.6 միլիոն մարդ գրանցված են որպես աղքատներ և կարիքավորներ: Նախորդ տարի Թուրքիայի բնակչությունը հասել է 75.6 միլիոնի: 2.1 միլիոն տնային տնտեսության ավելի քան 6.3 միլիոն մարդ ստանում է սոցիալական օգնություն՝ համաձայն Թուրքիայի վիճակագրական մարմին TÜİK-ի տվյալների:
Նախարարության տվյալներով՝ աղքատության մակարդակը 7 տարի շարունակ նվազել է 2002 թվականից հետո (2002 թվականի նոյեմբերին Թուրքիայում իշխանության է եկել Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը):