Ռոբերտ Նազարյանը բացահայտում է «դարի գաղտնիքը». Ռուսները պատրաստ են հանուն Հայաստանի խաբել ողջ աշխարհին
Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է գազի և էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագները։ Դրանք նորություն չէին. նոր սակագների մասին հայտնի էր դեռ օրեր առաջ։ Փոխարենը՝ նիստից հետո հնչած հայտարարություններն էին խիստ ուշագրավ։ Կարելի է ասել՝ սենսացիոն։
Խոսքը վերաբերում է սահմանի վրա գազի գնի 30%-անոց սուբսիդավորմանը։
Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանից նամակ է ստացել՝ հետևյալ բովանդակությամբ. «Սակագների հաշվարկման ժամանակ հիմք ընդունել ոչ թե 270 դոլար 1000 խմ սակագինը սահմանի վրա, այլ 30%-ով նվազ մեծություն»: Ընդ որում, այդ 30 տոկոսի մեխանիզմներն ու աղբյուրները, ինչպես նշված է եղել վարչապետի գրության մեջ, «այս պահին քննարկվում են ՌԴ-ի հետ»:
Լրագրողները, բնականաբար, փորձել են մանրամասն տեղեկություններ ստանալ՝ կոնկրետ ո՞րն է լինելու 30%-անոց սուբսիդավորման աղբյուրը։
Ըստ Փաստինֆո գործակալության՝ Ռոբերտ Նազարյանը որոշ չափով գաղտնազերծել է սուբսիդավորման միջոցների ծագման աղբյուրը. «Սա չի լինելու մեր պետության, ՀՀ միջոցների հաշվին, ես գոնե այսպես գիտեմ, ես բանակցային կողմ չեմ, բայց ես այդպես եմ տեղեկացված»։ Իսկ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարել է, թե ինքը տեղյակ է բանակցություններից, բայց մինչև դրանց ավարտը ոչինչ չի հրապարակի: Եվ, այդուհանդերձ, հաստատել է Ռ.Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ սուբսիդավորումը լինելու է ոչ ՀՀ բյուջեի հաշվին:
Սենսացիոնը, սակայն, ոչ թե սա է, այլ ներքոնշյալը։
Տեղի տալով լրագրողների հարցապնդումներին, ՀԾԿՀ նախագահը ստիպված է եղել մի քիչ էլ բացել փակագծեըը (իբր բացել.- Բ.Թ.). «Այս 30% սուբսիդավորումը, որը նաև իրականացնելու է ՌԴ-ն, նույնն է, որ գազի գինը սահմանի վրա 189 դոլար է, ինչո՞ւ է այս տարբերակով ձևակերպվում, կարծում եմ՝ դուք մեզանից շատ լավ եք հասկանում»:
Հասկանալու համար, թե ինչ է սրանով ցանկանում հասկացնել Ռոբերտ Նազարյանը, մեծ ջանքեր չեն պահանջվում։
Ռոբերտ Նազարյանն ուզում է ասել, որ Ռուսաստանն իրականում գազը թանկացնում է ընդամենը 9 դոլարով։ Ասել է թե՝ գրեթե չի թանկացնում։ Սակայն, որպեսզի քաղաքակիրթ աշխարհն ու հատկապես «Գազպրոմից» զզված Եվրոպան Ռուսաստանին չմեղադրի խտրականության մեջ, որոշել են այս ամենն ուրիշ կերպ ձևակերպել։ Այսինքն՝ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցին նայում է նույն աչքով, ինչպես մյուսներին. բիզնեսը չի քաղաքականացնում։ Եվ կիրառում է հնարք. մի կողմից՝ գինը բարձրացնում է, մյուս կողմից՝ փող է տալիս, որ այդ թանկացումը փոխհատուցի։
Կարճ ասած՝ Ռուսաստանն աշխարհին խաբում է, խաղ է խաղում` հանուն Հայաստանի, հանուն իր ռազմավարական գործընկերոջ։
Սա ոչ թե իրականություն է, այլ սյուժե։ Իսկ Ռոբերտ Նազարյանը և մյուս պաշտոնյաները՝ իրենց խոսքերի արհեստական առեղծվածայնությամբ, պարզապես փորձում են մեզ համոզել, որ ճշմարտությունը հենց սա է։
Իրականում, սակայն, կասկածելու հիմքերը բազմաթիվ են։
Նախ՝ պատմությունն ու, մասնավորապես, ՀՀ-ՌԴ գազային հարաբերությունների դառը փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանի համար առաջին տեղում շահերն են, հետո միայն՝ բարեկամությունը։ Չհիշեցնենք, «Գույք՝ պարտքի դիմացն» ու ՌԴ-ին հանձնված մյուս օբյեկտները։
Եվ երկրորդ՝ եթե իմաստը թոզ փչելն է աշխարհի աչքին, ապա այս մեխանիզմն այնքան պրիմիտիվ է, որ անգամ դպրոցականի ծիծաղը կգա։
Աշխարհին խաբել չի ստացվի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի իշխանությունների մոտ։ Թեպետ իրականում նրանք չեն էլ փորձում դա անել։ Իսկ ո՞ւմ են փորձում խաբել։ Ինչպես ասել է ՀԾԿՀ նախագահը. «կարծում եմ՝ դուք մեզանից շատ լավ եք հասկանում»։