
Ռուսաստանը պատրաստ է փոխարինել Գոլանի բարձունքներից հեռացող Ավստրիային. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը փոխարինող է փնտրում Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելության (UNDOF) կազմից դուրս եկող ավստրիացի զինծառայողներին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը.
«Մենք Ավստրիայից իրազեկում ենք ստացել իրենց խաղաղապահների դուրս բերման մասին և ներկայումս ավստրիական կողմի հետ քննարկում ենք դրա ժամկետները: ՄԱԿ-ը այլ երկրների հետ քննարկում է ասվտրիացի խաղաղապահներին փոխարինելու հնարավորությունը»:
Նշվում է, որ Գոլանի բարձունքներում ավստրիական խաղաղապահ առաքելությունը խոշորագույնն է՝ կազմելով մոտ 300 մարդ: Նրանց դուրս բերման մասին որոշումն ընդունվել է երեկ Վիեննայում՝ կապված ավստրիացի խաղաղապահներին սպառնացող վտանգի հետ:
Վերջին շրջանում Սիրիայի ու Իսրայելի միջև ընկած բաժանարար գոտում սրվել է իրավիճակը՝ կապված սիրիական բանակի և զինյալների միջև ընթացող մարտերի հետ: Այստեղ կանոնավոր են դարձել խաղաղապահներին առևանգելու դեպքերը: ՄԱԿ-ը Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելություն է կատարում 1974 թվականից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Գոլանի բարձունքներում փոխարինել Ավստրիային, եթե նման խնդրանք ներկայացնի ՄԱԿ-ը և եթե դրանում շահագրգռված լինեն տարածաշրջանի երկրները: