Զենքի ապօրինի առաքման ուղիների վերացմամբ նախադրյալներ են ստեղծվում Սիրիական ճգնաժամի լուծման համար. Սալեհի
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ Ժնևում կայանալիք միջազգային կոնֆերանսի նախաշեմին Սիրիայում զենքի ապօրինի մատակարարման ուղիների արգելափակմամբ նախադրյալներ են ստեղծվում այդ երկրում արյունահեղության ու բռնության դադարեցման և հարցի քաղաքական կարգավորման համար:
Սալեհին այս հայտարարությունն արել է իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ ոչ վաղ անցյալում սիրիական բանակի կողմից Լիբանանի սահմանի մոտ գտնվող Ալ-Քուսեյր քաղաքը զինյալներից մաքրելու ֆոնին, որտեղից զինյալները ստանում էին համալրում, զենք և այլն:
Սալեհին այդ հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը: Հիշատակելով զինված ծայահեղականների կողմից Սիրիայում իրավիճակի ռազմականացման փորձերի մասին՝ Սալեհին հայտարարել է, որ ճգնաժամի հաղթահաման միակ միջոցը Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցություններն են:
Սիրիայի արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Սիրիական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունն ամուր պաշտպանում են իրենց իդեալները և պայքարում են երկրում կայունության ու անվտանգության վերականգնման համար: