
Մեծ Բրիտանիայի կառավարությունը համակարծիք չէ սիրիացի ապստամբներին շուտափույթ զինելու հարցում

Russia Today-ի փոխանցմամբ՝ թեև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է գալիս սիրիական ընդդիմությանը զենքի մատակարարումները շուտափույթ սկսելու օգտին, կառավարության այլ անդամներ կտրականապես համաձայն չեն դրա հետ:
Սկզբնական շրջանում Դևիդ Քեմերոնը պլանավորել էր սիրիական ընդդիմությանը զինելու գործընթացը սկսել այն դեպքում, եթե «Ժնև 2» (Սիրիայի վերաբերյալ միջազգային) կոնֆերանսում կողմերը չգային համաձայնության:
BBC-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդն աջակցում է սիրիացի ապստամբներին հնարավորինս շուտ զենք մատակարարելու գործընթացը սկսելու Քեմերոնի մտադրությանը:
Սակայն դրան կտրականապես դեմ են փոխվարչապետ Նիկ Քլեգը և առանց պորտֆելի նախարար Քենեթ Քլարքը: Նրանք գտնում են, որ Մեծ Բրիտանիան դեռ չպետք է ձեռնամուխ լինի ակտիվ գործողությունների, քանի դեռ չի հայտնվել գերտերությունների հավանությանն արժանացած ռազմավարություն:
BBC-ն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունում առկա տարաձայնությունները կարող են հարկադրել Դևիդ Քեմերոնին հետաձգել սպառազինության ուղարկումը սիրիացի ապստամբներին: