Վրացական գինին կարող է հաջորդ շաբաթ վերադառնալ ռուսական շուկա

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ռուսական շուկա վրացական գինու արտահանումը հնարավոր կլինի իրականացնել արդեն հաջորդ շաբաթ: Առաջին փուլում պլանավորված է արտահանել ավելի քան 1 միլիոն շիշ գինի:

Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին: Նա հավելել է, որ արդեն իսկ հարթված են վրացական գինու արտահանմանն առնչվող ընթացակարգային հարցերը: Դավիթաշվիլին կարևորել է շուկաների դիվերսիֆիկացումը.

«Երկրի համար կարևոր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան: Ներկա փուլում շեշտը դրվում է ռուսական շուկայի վրա, քանի որ այնտեղ ծանոթ են վրացական գինուն և այն հանրաճանաչ դարձնելու համար կարիք չկա գործադրել մեծ ջանքեր»:

Ռուսաստանը վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի ներկրման վրա արգելք է դրել 2006 թվականի գարնանը՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին:
Վրացական գինու արտահանման հարցը հունիսի 5-ին քննարկվել է Պրահայում, ուր հանդիպել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Նրանք դրական են համարել այն, որ «Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետը հունիսի 1-ից անցում է կատարել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ավիաչվերթների վերականգնման, Սոչիի օլիմպիական խաղերին Վրաստանի մասնակցության, ինչպես նաև սահմանային վեճերի և այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս