Բաժիններ՝

ԵՄ-ի ու Չինաստանի միջև ծավալվում է առևտրային պատերազմ

Russia Today-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ու Եվրոպայի միջև սկսվել է առևտրային իսկական պատերազմ: Այն բանից հետո, ինչ ԵՄ-ը արգելափակիչ մաքսատուրքեր սահմանեց չինական արտադրության արևային մարտկոցների նկատմամբ, Չինաստանում կարող է արգելվել եվրոպական գինին:

Ավելի վաղ առևտրային հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուհտը հայտարարել էր, որ չինական մի շարք ընկերություններ օգտվում են ապօրինի պետական սուբսիդիաներից, ինչի շնորհիվ էլ զգալիորեն նվազեցնում են գինը, ինչն էլ հանգեցնում է նրան, որ եվրոպացի արտադրողների համար դժվար է լինում տվյալ շուկայում նրանց հետ մրցակցելը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է արևային մարտկոցներին, որոնք 2011 թվականին ԵՄ են ներկրվել 21 միլիարդ եվրոյով: ԵՄ-ը ձեռնարկել է պատմության մեջ խոշորագույն առևտրային հետաքննությունը և արդյունքում որոշում է ընդունել Չինաստանում արտադրված արևային մարտկոցների ու դրանց հիմնական բաղադրատարրերի ներկրման վրա արգելափակիչ մաքսատուրքեր (մինչև 47 տոկոս) սահմանելու մասին:

Այդ որոշումն ուժի մեջ է մտել երեկ: Ի պատասխան՝ Չինաստանը սկսել է երկիր ներկրվող եվրոպական գինիների հակադեմպինգային հետաքննություն (խոսքը գինիների ցածրագին վաճառքի մասին է):

Բացի այդ, Չինաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել եվրոպական երկրներից ներկրվող պողպատյա խողովակներն ու քիմիական արդյունաբերության արտադրանքը:

Չինաստանի առևտրի նախարարությունն ընդգծել է, որ չինական կողմը դատապարտում է ԵՄ-ի որոշումը և հույս է հայտնում, որ բանակցային սեղանի շուրջ կընդունվի փոխընդունելի որոշում:

Նշվում է, որ նախորդ տարի Չինաստանից ԵՄ-ի երկրներ արտահանման ծավալը կազմել է 290 միլիարդ եվրո, իսկ ԵՄ-ի երկրներից Չինաստանի ներկրումը կազմել է 44 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս