
Էրդողանը պետք է գիտակցի, որ Թուրքիայում ընտրողների կեսը չի քվեարկել իր օգտին. Մեթյու Բրայզա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Թուրքիայում ընթացող վերջին իրադարձությունների հետ:
Բաքվում լրագրողների հետ զրույցում Բրայզան հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում ընթացող իրադարձությունները կարող են դրական քայլ դառնալ հետագայում այդ երկրում ժողովրդավարության զարգացման համար, եթե, իհարկե, Էրդողանը գնա զիջումների:
Բրայզան ընդգծել է, որ Էրդողանը դեռ ցանկանում է ցույց տալ, որ երկրի միակ հեղինակավոր առաջնորդն է, սակայն նա մոռանում է, որ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ է հաշվի առնել նաև ընդդիմության կարծիքը.
«Էրդողանը պետք է գիտակցի, որ Թուրքիայում ընտրողների կեսը չի քվեարկել իր օգտին: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր հայացքի: Սակայն կարծում եմ, որ ներկայումս տեղի ունեցողը «Թուրքական գարուն» չէ»:
Հիշեցնենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հավաքել է քվեների 49.83 տոկոսը՝ 21.399.082 քվե: