Ստամբուլի օդանավակայանից եկող Էրդողանի ավտոբուսի վերնամասը բախվել է «Թալեաթ փաշա» կամրջին
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը գիշերը Ստամբուլ է վերադարձել իր հյուսիսաֆրիկյան շրջագայությունից, որի շրջանակներում նա այցելել է Թունիս, Մարոկկո և Ալժիր: Նշվում է, որ օդանավանակայանում նրան դիմավորել են տասնյակ հազարավոր կողմնակիցներ:
Էրդողանն «Աթաթուրքի անվան» միջազգային օդանավակայանում հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը չի հանդուրժի բռնություն սեփական քաղաքացիների նկատմամբ. ««Գեզի» այգու ակցիաների ժամանակ մենք կորցրինք երեք քաղաքացու՝ երկու երիտասարդի և մեկ ոստիկանի»:
Էրդողանը խոստացել է մանրամասն հետաքննել բախումների պատճառները: Էրդողանի խոսքերով՝ կառավարությունը վերլուծում է ներկայիս գործողությունները և գնահատական կտա դրանց, ինչից հետո կընդունվեն համապատասխան միջոցներ:
Էրդողանը պահանջել է անհապաղ դադարեցնել երկրում բողոքի ակցիաները, որոնք նրա կարծիքով՝ վերածվել են վանդալիզմի. «Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ցույցերը, որոնք դադարել են կրել ժողովրդավարական բնույթ և վերածվել են սովոական վանդալիզմի»:
Նշվում է, որ «Աթաթուրքի անվան» օդանավակայանից Էրդողանին փոխադրող ավտոբուսը փոքր վթարի է ենթարկվել: Ավտոբուսի վերնամասը բախվել է վերանորոգման մեջ գտնվող «Թալեաթ փաշա» կամրջին: Դրանից հետո վարչապետի թիկնազորը զննել է ավտոբուսի վերնամասը, ինչից հետո ավտոբուսը շարունակել է իր ուղին: