
ՆԱՏՕ-ն Վրաստանից ակնկալում է ժողովրդավարական ու թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն իրեն անդամակցելուն հավակնող Վրաստանին այսօր հիշեցրել է նրա ժողովրդավարական պարտավորությունների մասին:
Այս մասին այսօր ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.
«Մենք ակնկալում ենք ժողովրդավարական ու թափանցիկ նախագահական ընտրություններ՝ միջազգային նորմերին, ինչպես նաև երկրում մարդու, փոքրամասնությունների ու ազգությունների իրավունքների պահպանման համապատասխան:
ՆԱՏՕ-ն ամբողջովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ուշադրություն դարձնելով բարեփոխումների վրա, որոնք Վրաստանն իրականացնում է ռազմական ոլորտում՝ ՆԱՏՕ-ն կարծում է, որ նրան հաջողվել է հասնել բարձր արդյունքների:
Բուխարեստի գագաթաժողովի որոշումը մնում է ուժի մեջ: Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ այն բանից հետո, երբ կկատարի անդամակցելու համար բոլոր պահանջները»:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին: