Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Թուրքիայի բողոքի ակցիաներին իրանական հետախուզության մասնակցության մասին լուրը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ոչ մի կերպ մասնակից չէ Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաներին:

Արաղչին ընդգծել է, որ իրանական կողմը Թուրքիայի կառավարությանը խնդրել է այն մասին, որ այդ երկրի ԶԼՄ-ները համապատասխան նյութեր չհրապարակեն բողոքի ակցիաներին Իրանի մասնակցելու մասին:

Արաղչին հերքել է այն տեղեկատվությունը, որ Իրանի հետախուզության աշխատակիցները մասնակցել են Թուրքիայի բողոքի ակցիաներին: Արաղչին հավելել է, որ իրանական կողմը թուրքական կողմին խնդրել է բողոքի ակցիայի ժամանակ Իրանի քաղաքացու ձերբակալման դեպքում ապահովել նրա հետ իրենց հանդիպում:

Սրանից առաջ թուրքական Zaman թերթը գրել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է նաև Իրանի քաղաքացի Շայան Շամլուին՝ կապված Անկարայում հանրահավաքներ և անկարգություններ հրահրելու հետ:

Թերթը հավելել էր, որ իշխանությունները կասկածներ ունեն, թե ձերբակալվածը կապված է իրանական հետախուզության հետ: Թուրքիայի ոստիկանությունը ողջ երկրում ձերբակալել է մոտ 15 օտար քաղաքացու՝ կապված բողոքի ակցիաների հետ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երկրի տարբեր քաղաքներում ընթացող բողոքի ակցիաներում գտել էր օտար ուժերի հետք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս