Բաթումի օդանավակայանում ձերբակալվել է ողջ Եվրոպային թմրանյութ մատակարարող թուրք նարկոբարոնը

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է եվրոպական նարկոմաֆիայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկին: Խոսքը Թուրքիայի և Սիրիայի քաղաքացի Մակի Մուհամմեդի մասին է, ով ներառված է եղել Ինտերպոլի կողմից հետախուզվող առավել վտանգավոր հանցագործների թվում:

Նա վերահսկել է եվրոպական մայրցամաքում թմրանյութերի շուկայի զգալի մասը: 1963 թվականին ծնված Մակի Մուհամեդը Բաթումի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հունիսի 1-ին: Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական կայքում:

Հանցագործի գտնվելու մասին ոստիկանները տվյալներ են ստացել Ինտերպոլից, ինչից հետո ձերբակալել են նրան: Այժմ Մակի Մուհամեդը գտնվում է Ֆրանսիա կամ Գերմանիա արտահանձնվելու վտանգի տակ, ուր նրա դեմ հարուցված են քրեական գործեր:

Արևմտաեվրոպական երկրների ոստիկանության տվյալներով՝ Մակի Մուհամեդը հանդիսանում է ողջ Եվրոպայում հերոինի և թմրանյութի այլ տեսակների վաճառքի առանցքային ֆիգուրներից մեկը: Գերմանական ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել դեռևս 2008 թվականին՝ թմրանյութերի շրջանառությունը վերահսկելու մեղադրանքով:

Հաստատված է, որ Մուհամեդի բանդան 2005 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերին ընկած ժամանակահատվածում Հաննովերում ու Դյուսելդորֆում (Գերմանիա), Ռոտերդամում (Նիդերլանդներ), Քենթերբերիում (Մեծ Բրիտանիա), Ստամբուլում (Թուրքիա) և այլ քաղաքներում վաճառել է թմրանյութի խոշոր խմբաքանակներ:

Մակի Մուհամմեդը փաստացիորեն կազմակերպել է հերոինի մատակարարում ողջ Եվրոպայում՝ Ստամբուլից մինչև Լոնդոն: Ինտերպոլի ֆրանսիական բյուրոն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել 2009 թվականին՝ Ֆրանսիայի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ (սահմանով թմրանյութերի փոխադրման, գնման, պահպանման ու մաքսանենգության համար) խախտելու համար:

Ներկա դրությամբ ձերբակալված նարկոբարոնը ժամանակավորապես պահվում է «Աջարա-Գուրիա» մեկուսարանում:

Տեսանյութեր

Լրահոս