Բաժիններ՝

Պաշտպան Նարինե Ռշտունին գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ լրագրողի սպանության գործով

«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի սպանության մեջ մեղադրվող Հակոբ Աբաջյանի պաշտպան Նարինե Ռշտունին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ն.Ռշտունին, ինքը ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել իր պաշտպանյալի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների խախտումները՝ համապատասխանաբար՝ Խոշտանգումների արգելում, Ազատության և անձեռնմխելիության իրավունք և Արդար դատաքննության իրավունք:

Ըստ Նարինե Ռշտունու, նախաքննության ընթացքում որպես կասկածյալ իր պաշտպանյալի «ինքնախոստովանական ցուցմունքները» գրվել են խոշտանգումների, հոգեբանական ճնշման ազդեցության տակ: Ամբաստանյալի մարմնի վրա առկա են, ըստ պաշտպանի, խոշտանգումների՝ ծխախոտով այրելու հետքեր, իսկ ոտքի մատի սևացած եղունգը, ինչպես պնդում է Աբաջյանը, կրնկով իր պաշտպանյալի ոտքին կանգնելու հետևանք է: Ըստ փորձաքննության եզրակացության, վնասվածքները չէին կարող առաջանալ նշվող ժամանակահատվածում, այսինքն՝ ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնում գտնվելու ժամանակ: Պաշտպանական կողմը համաձայն չէ փորձաքննության եզրակացության հետ, այն որակում է որպես «խայտառակ»: Պաշտպանը համոզված է, որ իր պաշտպանյալը չէր կարող ինքնախոստովանական ցուցմունքներ տալ 2011թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, ինչպես նշված է հարցաքննության արձանագրության մեջ՝ այդ ժամին դեռևս առերեսումները չէին ավարտվել: Տարօրինակ ու անտրամաբանական է նաև, որ «ինքնախոստովանական ցուցմունքներից» հետո միայն հոկտեմբերի 28-ին, ժամը 7-ին են գնացել դեպքի վայր՝ դիակ հայտնաբերելու, քննիչների հայտարարությամբ, իրենք զբաղված են եղել: Պաշտպանական կողմը գտնում է, որ Ալվարդ Աբրահամյանի դիակի տեղի քննչական փորձարարությունը կատարվել է խախտումներով՝ տեսանկարահանումը կատարված է ոչ ամբողջությամբ, այլ ընտրողաբար: «Ինչո՞ւ են Սևանում տեսանկարահանումն անջատում, բերում են, հասցնում Հակոբին Ալվարդի սպանության տեղը, փոխանակ ինքը ճանապարհը ցույց տա, ասի` այստեղ կանգնեք, իրեն բերում, կանգնեցնում են, քննիչն ասում է` Աբաջյանը այստեղ կանգնեցրեց»,- ասաց Նարինե Ռշտունին՝ հավելելով, որ գործում բացի Հակոբի ցուցմունքից Ալվարդ Աբրահամյանի սպանության մասով այլ ապացույց չկա:

Թեև Հակոբ Աբաջյանի հարազատները պայմանագիր էին կնքել փաստաբան Նարինե Ռշտունու հետ՝ Հ.Աբաջյանի պաշտպանությունն իրականացնելու մասին, սակայն քննիչները թույլ չեն տվել իրեն մասնակցել, մասնավորապես, հարցաքննությանը՝ հայտարարելով, որ Հակոբ Աբաջյանը հրաժարվել է իր պաշտպանից: Փաստաբանի պահանջը՝ հնարավորություն տալ իրեն լսել իր ծառայություններից հրաժարվելու մասին իր պաշտպանյալի հայտարարությունը՝ անձամբ վերջինիցս, անտեսվել է, ավելին՝ պաշտպանը հանդիպել է քննիչների կոպիտ վերաբերմունքի, անգամ՝ «ագրեսիայի»: Հակոբ Աբաջյանը «հրաժարվել է» պաշտպանից այնքան ժամանակ, քանի դեռ գտնվել է ձերբակալվածների պահման վայրում, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն պես «վերանայել է դիրքորոշումը» և իր պաշտպանին հայտնել իր նկատմամբ քննության խորթ մեթոդներ կիրառելու մասին, մասնավորապես, իրեն սպառնացել են, որ պաշտպան պահանջելու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի նաև Հ.Աբաջյանի մայրը: Այսպիսով, պաշտպանն ու նրա պաշտպանյալը գտնում են, որ խախտվել է նաև Հ.Աբաջյանի պաշտպան ունենալու իրավունքը:

Քննիչները պաշտպանից ու հարազատներից ջանադրաբար թաքցնում էին, որ Հ.Աբաջյանի քույրը՝ 15-ամյա Մանանը գտնվում է իրենց մոտ: Մանան Աբաջյանին տնից տարել էին երեկոյան ժամը 20-21-ի սահմաններում, առանց ներկայանալու, թե ովքեր են և ուր են տանում: Գործը քննվում էր ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, սակայն երեխային տարան Աբովյան: Ոստիկանության Աբովյանի բաժնի պետը փաստաբաններին ծաղրանքով ասում էր, որ աղջիկն իրենց մոտ չէ: Միայն այն բանից հետո, երբ փաստաբանը հայտարարել է, որ հեռագիր կհղի ոստիկանապետին առ այն, որ աղջկան առևանգել են, առևանգողներն էլ ներկայացել են որպես Կոտայքի ոստիկանության աշխատակիցներ և որ ինքը կասկածում է, որ իրեն սպանել են, քոստիկանության աշխատակիցները «խոստովանել են», որ աղջիկը՝ մոր հետ, իրենց մոտ է և «ազատ են արձակել» նրանց` գիշերվա 00:30 կողմերը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս