
Պլիսեցկայայի մարմարե կիսանդրին նվիրել է պատկերասրահին (լուսանկարներ)

Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունենալու անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Նիկոլայ Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Ինչպես 168.am-ին հայտնեց ցուցահանդեսի համադրող Լիլիթ Սարգսյանը, իր հոբելյանի առթիվ Վարպետը որոշել է իր նշանավոր գործերից մեկը՝ բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի մարմարե կիսանդրին նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին:
Չնայած քանդակի զգալի չափսերին և ՀԱՊ-ում առկա էքսպոզիցիոն տարածքի սղությանը, պատկերասրահի տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց պատշաճ տեղ հատկացնել այս ստեղծագործությանը մշտական ցուցադրության մեջ: Այսօր Մայա Պլիսեցկայայի կիսանդրին տեղափոխվեց պատկերասրահ, որից հետո այն պետք է ենթարկվի հատուկ մասնագիտական մաքրման:
Լուսանկարները 168.am-ին տրամադրել է Լիլիթ Սարգսյանը: