Բաժիններ՝

ՀՊՃՀ ուսանողները կրթաթոշակներ են ստացել

Չխախտելով 17 տարվա բարի ավանդույթը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) լավ բարեկամ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը 200 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակներ հատկացրեց ՀՊՃՀ 12 ուսանողների: Այսօր` հունիսի 1-ին ՀՊՃՀ այցելած «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Ն. Աթինիզյանն անձամբ ուսանողներին հանձնեց կրթաթոշակները: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:

 

 

Ողջունելով ուսանողներին և դեկաններին` Ն. Աթինիզյանը նշեց, որ մեծագույն հաճույք է Երևանում գտնվելը և կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցելը: Նա ուսանողներին կոչ արեց սփյուռքի հայության հետ համատեղ գործակցել և հայանպաստ ծրագրեր իրականացնել:

 

ՀՊՃՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս. Աղբալյանը Ն. Աթինիզյանին փոխանցեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի շնորհակալական նամակը, որտեղ մասնավորապես նշված է. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) շնորհակալություն է հայտնում Ձեզ և Ձեր կազմակերպության բոլոր աշխատակիցներին, այդ թվում պարոն Վ. Սեդրակյանին և տիկին Սիրանուշ Հովհաննիսյանին, որոնց միջոցով համալսարանի 12 ուսանողներ ստացան հերթական կրթաթոշակը, յուրաքանչյուրը 200 ամերիկյան դոլարի չափով»: Իրենց հերթին կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողներն երախտիքի խոսքը հայտնեցին ավագ սպարապետին` խոստանալով կրթաթոշակն օգտագործել ի նպաստ մասնագիտության մեջ հմտանալու:

ՀՊՃՀ պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի տեղեկացմամբ` կրթաթոշակակիր ուսանողներն ընտրվել են հաշվի առնելով ուսման մեջ առաջադիմությունը, սոցիալական վիճակը և կարգապահությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս