
«Թումո»-ում ընթացող TEDxKids@Yerevan միջոցառմանը կարելի է հետևել օնլայն

Այսօր՝ հունիսի 1-ին Երևանում՝ Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է արդեն երկրորդ ամենամյա TEDxKids@Yerevan միջոցառումը: Միջոցառման խորագիրն այս տարի հետրյալն է. «Մտածիր ինչպես երեխա» (Think Like A Kid):
TEDxKids@Yerevan միջոցառմանը 10-18 տարեկան բանախոսները խոսում են իրենց ամենանվիրական, ամենաանհավանական, ամենահուզիչ, ամենագողտրիկ, ամենահամարձակ ու ամենատարօրինակ փորձառությունների ու գաղափարների մասին:
Բանախոսների այս տարվա ներկայացումների կարելի է հետևել նաև օնլայն՝ միջոցառման ինտերնետային կայքում՝ http://kids.tedxyerevan.com/.
TEDxKids@Yerevan-ի նպատակն է ծառայել որպես հարթակ մեր երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք բարձրաձայնեն իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև պատմեն իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների ու պատմությունների մասին:
Նշենք, որ TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: 25 տարի առաջ՝ ստեղծվելով որպես քառօրյա ծրագիր, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: