
Իրանում տեղի է ունեցել նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանում երեկ տեղի է ունեցել նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը, ինչն ուղիղ եթերով ցուցադրվել է Իրանի պետական հեռուստաալիքով: Նրանք առաջին անգամ են հանդիպում մեկ ֆորումի շրջանակներում այն բանից հետո, ինչ հաստատվեց նրանց թեկնածությունը:
Նախագահի 8 թեկնածուները պատասխանել են երկրի տնտեսությանն առնչվող լուրջ խնդիրների մասին հարցերին: Յուրաքանչյուր հարցին պատասխանել է մեկ թեկնածու, ընտրությունը կատարվել է պատահական սկզբունքով:
Նրանցից միայն մի քանիսն են տնտեսական խնդիրների պլանում հիշատակել միջազգային հանրության կողմից Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների մասին: Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կոչ է արել հաշտվել միջազգային հանրության հետ՝ ինֆլյացիան ու գործազրկությունը նվազեցնելու նպատակով:
ԱԷՄԳ-ի հետ բանակցություններում Իրանը ներկայացնող Հասան Ռուհանին հայտարարել է, որ երկրի քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի գործազրկության կրճատումը՝ ընդգծելով, որ երկրում աշխատանք չունի ավելի քան 3 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 800.000-ն ունի բարձրագույն կրթություն: