
Ռուսաստանը Սիրիային կհատկացնի МиГ-29ММ2 տիպի ավելի քան 10 կործանիչ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր է Սիրիայի ռազմաօդային ուժերին հատկացնել ավելի քան 10 հատ МиГ-29ММ2 տիպի կործանիչ՝ համաձայն Սիրիայի հետ ունեցած համապատասխան պայմանագրի: Այս մասին հայտարարել է МиГ կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս սիրիական պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում և հստակեցնում է այդ պայմանագրի մանրամասները: Կորոտկովն ընդգծել է, որ իր կարծիքով՝ կործանիչները մատակարարվելու են Սիրիային:
Ռուսական կողմը վստահեցնում է, որ Սիրիան դեռևս 2007 թվականին է Ռուսաստանին պատվիրել МиГ-29 տիպի 24 մարտական ինքնաթիռ, սակայն դրանք ցայժմ չեն ուղարկվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով: Դրա հետ կապված՝ պատվիրված կործանիչների մի մասն արդեն իսկ վաճառվել է այլ երկրների: