
Սիրիայում գործող զինյալները վերջնագիր են ներկայացրել ընդդիմության քաղաքական ղեկավարությանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում գործող զինյալները մայիսի 30-ին պահանջել են իրենց հատկացնել սիրիական միացյալ ազգային դաշինքի տեղերի կեսը:
Նրանք զգուշացրել են, որ առանց ռազմական գործողություններին անձամբ մասնակցողների ներկայության, խմբավորումը կզրկվի օրինականությունից: Զինյալները պահանջում են ապստամբական ու ռազմական ներկայացուցչության 50 տոկոսը՝ ընդգծելով, որ դաշինքի լեգիտիմությունը պետք է ներկայացվի միայն Սիրիայից, և որ ապստամբական ներկայացուցչության անտեսումը կնշանակի լեգիտիմության կորուստ:
Թուրքական Hürriyet Daily News թերթի պնդմամբ՝ նման պահանջ է առաջ քաշել զինյալների 4 խմբավորումը, որոնք միավորվել են այսպես կոչված Սիրիայի հեղափոխական շարժման մեջ: Նշվում է, որ ավելի վաղ նման վերջնագիր էր ներկայացրել Սիրիական ազատ բանակը: