Վիրտուալ պատերազմներ. հաքերները «կոտրում» են միմյանց
Anonymous հաքերական խմբավորման YourAnonNews լրատվական ռեսուրսը, ինչպես նաև Tumblr-ի և Twitter-ի էջերը «կոտրվել» են հաքերների մեկ այլ խմբի՝ Rustle League-ի կողմից։
Առաջինը «ընկել» է Twitter-ի էջը, որն ունի ավելի քան 1.1 միլիոն բաժանորդ։ Ժամեր առաջ այնտեղ հաղորդագրություններ են հայտնվել «թշնամական» խմբավորման անունից։ Twitter-ի այդ հաշվից մի քանի տասնյակ վիրավորական ռասիստական բնույթի հաղորդագրություններ են ուղարկվել տարբեր օգտատերերի։
Դեռ հայտնի չէ, թե Anonymous-ի վերին օղակները մասնակցո՞ւմ են էջի աշխատանքի կարգավորմանը, թե՞ ոչ։ Նրանք հաղորդել են, որ տեղի ունեցածի մասին իրենց տեղեկացրել են Reuters-ի և BBC-ի լրագրողները։
Կոտրվել է նաև Anonymous-ի հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող People’s Liberation Front խմբի թվիթթերյան էջը։ Ընդ որում, երկու էջերի գրավումը տեղի է ունեցել գրեթե միաժամանակ։
Anonymous-ը հազվադեպ է հեռու մնում համաշխարհային կարևոր իրադարձություններից։ Խմբավորումը հայտնի է հրապարակային քայլերով և հաքերական հարձակումներով։
Ըստ CNN-ի, Anonymous-ը դիրքավորվում է որպես WikiLeaks-ի գլխավոր հետնորդ։ Իսկ 2012-ին ամերիկյան Time-ը Anonymous-ին ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։