Ռուբեն Հայրապետյանը հեղափոխություն պիտի անե՞ր
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում քննարկվեց գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի՝ դատակոչը շուրջ 25 անձանցով լրացնելու միջնորդությունը:
Նշենք, որ տուժողների ներկայացուցիչների միջնորդության մեջ ներառված էին ինչպես դեպքի օրը ռեստորանային համալիրում աշխատած մատուցողներ, այնպես էլ պահակներ, երաժիշտներ և ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներ:
Գործով մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդությունում ներառված անձանց բաժանեց երկու խմբի. անձիք, ովքեր հարցաքննվել են նախաքննության ընթացում, սակայն չեն դատակոչվել, քանի որ, ըստ նրա, նրանց ցուցմունքները մեղադրանքի գնահատման համար որևէ նշանակություն չեն ունեցել, և անձիք, ովքեր նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել: Արթուր Դավթյանն ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ չներռված մի քանի վկաներ արդեն դատարանում ցուցմունքներ տվել են, սակայն դատարանում նրանց հարցաքննության ընթացքում որևէ նշանակություն ունեցող նոր տեղեկություն չի պարզվել.
«Ամենավառ օրինակը բերեմ: Տևական ժամանակ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ վկա Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը ինչ-որ շրջադարձային նշանակություն է ունենալու, հեղափոխություն կարող է լինել այս գործի քննության ընթացքում, բայց եկավ վկան, հարցաքննեցինք, և ես ինչքան համեմատում եմ նրա՝ դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, կարծում եմ՝ նախաքննական ցուցմունքներն ավելի բովանդակային են եղել և հարցաքննության տևողությունն էլ ավելի շատ էր»:
Ըստ մեղադրող Ա. Դավթյանի՝ միջնորդության մեջ ճնշող մեծամասնություն են կազմում հենց այն վկաները, ովքեր նախաքննության ընթացքում հարցաքննվել են, և նրանց դատակոչումը նպատակահարմար չէ և օրենքի պահանջից չի բխում: Մյուս խումբը, ըստ դատախազի, նախաքննության ընթացքում չի հարցաքննվել. «Մեր գնահատմամբ, ըստ էության, նրանց հիմնավորումները բավարար չեն, հարգելի դատարան:Ամեն դեպքում՝ միջնորդության մեջ նշված, և, իմ կարծիքով՝ դրանք զուտ ենթադրական կանխատեսումներ են, քանի որ՝ եթե այս մարդը սրա հետ խոսել է, ուրեմն հնարավոր է, ինքը տեղեկություն ունենա: Եվ կարծում եմ, որ այսպիսի մոտեցմամբ ևս մենք զուտ կխախտենք սույն գործով քննության ողջամիտ ժամկետները, և իմ նախնական կարծիքով՝ դա զուտ, այսպես ասած՝ ժամանակի վատնում կարող է լինել»:
Այդուհանդերձ, մեղադրողն առաջին խումբ վկաներից առանձնացրեց երեքին, որոնց դատաքննության ընթացքում հարցաքննելը որոշակի առումով ողջամիտ է. այդ անձիք, մեղադրող Արթուր Դավթյանի խոսքով, դեպքից գրեթե անմիջապես հետո հեռախոսազրույց են ունեցել գործով ամբաստանյալների հետ, միաժամանակ այդ անձիք «Հարսնաքարի» կամ Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցներ են, և մեծ է հավանականությունը, որ հնարավոր է ավելի շատ տեղեկություններ ստանալ: Այդ անձիք են Մամիկոն Հարությունյանը, Արթուր Մանուկյանը, Աշոտ Սնջոյանը:
Գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելիս՝ նշեց, որ գումարելիների տեղը փոխելով գումարը չի փոխվում: Ըստ նրա՝ պաշտպանները չեն նշել, թե գործով ինչ հանգամանքների մասին պետք է նրանք ցուցմունք տան: Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը միջնորդության հետ համաձայնեց միայն մեկ առումով. նախաքննությունն իրականացվել է ոչ բազմակողմանի, լրիվ և ոչ օբյեկտիվ, քանի որ իր պաշտպանյալին ներկայացվել է անհիմն մեղադրանք: Ըստ նրա՝ մյուս մասով միջնորդությունն անհիմն էր և ենթակա էր մերժման: Գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ միջնորդության մեջ ներկայացված հիմնավորումներն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե այլ անձանց ներգրավելու խնդիր է դրված, որը նախաքննության խնդիրն է. ըստ պաշտպանի՝ դատաքննությունն իրականացվում է զուտ այն մեղադրանքի սահմաններում, որն առաջադրված է ամբաստանյալներին: Երեմ Սարգսյանի խոսքով՝ միջնորդությունը տեղի է այս գործից անջատված մասով: Գործով մյուս մեղադրյալների պաշտպանները ևս դեմ արտահայտվեցին միջնորդությանը:
Դատարանը որոշեց հետաձգել բժիշկների մասով միջնորդության քննարկումը, բավարարեց միջնորդությունում ներառված հինգ մատուցողներին դատարան հրավիրելու միջնորդությունը: Դատարանը բավարարեց նաև Մամիկոն Հարությունյանին, Արթուր Մանուկյանին և Աշոտ Սնջոյանին՝ որպես վկա դատարան հրավիրելու միջնորդությունը: Մյուս վկաների վերաբերյալ միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին: