Լևոն Զուրաբյան. ԲՀԿ-ն իր մոտեցումներն ունի, մենք՝ մեր

«Ի՞նչ է նշանակում իշխանության հետ էր: Ինձ էլ էին հրավիրել նույն տրիբունա, բայց ես չգնացի, հետո՞, դրանով ինչ-որ բան է որոշվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Սարդարապատ հուշահամալիրում միջոցառման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը:

«Ամենամեծ սխալը, որը թույլ է տրվում այն է, որ հարցերի պատասխանները սիմվոլիկ ներկայությունների մեջ եք փնտրում: Նայեք կոնկրետ գործերին, քայլերին: Հարյուր անգամ ասել եմ, որ որևէ քաղաքական ուժի մասին պետք է դատել քաղաքական գործողություններով»,- շարունակեց նա՝ ավելացնելով, որ միջոցառումներին, իրադարձություններին քաղաքական ուժերի ներկայությամբ վերլուծություններ իրականցնելը մակերեսային մոտեցման արդյունք է:

Լ. Զուրաբյանը նշեց, որ իր համար կա ընդդիմության դասական սահմանում. «Ընդդիմությունն այն ուժն է, որը իշխանություն չունի, գործադիր իշխանություն չունի ու պայքարում է այդ իշխանությունը վերցնելու նպատակով: Ինձ համար ընդդիմության սահմանումը սա է, իսկ եթե ուզում եք դատողություններ անել նրա հիմքում, թե ով ում հետ է տրիբունա բարձրանում, ով ում հետ է համբուրվում, ողջագուրվում ու ձեր դատողությունները դրա վրա կառուցել…»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը ու, մասնավորապես՝ Դուք չգնացիք՝ Սարդարապատի միջոցառմանը, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Դա շատ պարզ է՝ մենք այս իշխանություններին որպես լեգիտիմ իշխանություն չենք ընդունում»:

Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ ԲՀԿ-ն ընդունո՞ւմ է գործող իշխանության լեգիտիմությունը՝ ընդունելով նրանց հրավերը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մեր գնահատականներից մի բխեցրեք ուրիշների գնահատականները: Իրենք իրենց մոտեցումներն ունեն, մենք՝ մեր: Ես համարում եմ, որ շատ ճիշտ եմ արել, որ չեմ գնացել-կանգնել այդ իշխանության կողքը, ուրիշ մարդ էլ համարում է, որ շատ ճիշտ է արել, որ գնացել-կանգնել է նրանց կողքին: Ի վերջո, մենք առճակատման մեջ ենք գտնվում այս իշխանության հետ, մյուս քաղաքական ուժերն էլ կարող են ավելի քիչ առճակատման տարբերակ ընտրել: Ինչո՞ւ եք սա դարձնում մեծ խոսակցությունների թեմա»:

Լևոն Զուրաբյանը հավաստիացրեց, որ խորհրդարանում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ը համագործակցում է ու չի եղել մի դեպք, որ չստանա ԲՀԿ-ի աջակցությունը: Նա որպես օրինակ վկայակոչեց, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, երբ «Բարգավաճ Հայաստանը» կողմ քվեարկեց ՀԱԿ-ի կողմից ներկայացված նախագծին:

«Բոլոր մեր կարևորագույն քայլերում ԲՀԿ-ն օգնում է մեզ, սա փա՞ստ է, թե՞ ոչ»,- նկատեց Լևոն Զուրաբյանը:

Մեր դիտարկմանը, թե նույն քայլերում «Ժառանգությունը» ևս սատարել է ՀԱԿ-ին, պատգամավորն այսպես արձագանքեց. «Շատ լավ: Ես ի՞նչ է՝ «Ժառանգությանը» մի կո՞ղմ եմ դնում: Փոխվել է խորհրդարանի մթնոլորտը՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն այսօր գործում են համախմբված՝ ընդդեմ այս Կառավարության, իշխանության: Ես ինչ-որ մեկին մի կողմ դրե՞լ եմ: Ինչո՞ւ չեք նկատում, որ ընդդիմությունը համախմբված է գործում, փորձում եք հակասություններ գտնել «Ժառանգության» ու մեր միջև կամ փորձել համոզել, որ ԲՀԿ-ն, թեև, քվեարկում է իշխանության դեմ, բայց ընդդիմություն չէ. ինչի՞ համար եք սա անում՝ կան փաստեր, որ բոլոր ընդդիմադիր ուժերը խորհրդարանում գործում են համախմբված»:

Տեսանյութեր

Լրահոս