Կապանցի 70 առևտրականներ բողոքի ակցիա են կազմակերպել Սյունիքի մարզպետարանի առջև
Մոտ 16 տարի է, ինչ Կապանի նախկին հանրախանութի տարածքում վարձակալական հիմունքներով առևտուր են անում բազմաթիվ կապանցիներ: Սակայն շենքի տնօրինությունը նրանց զգուշացրել է, որ հունիսի 1-ից ազատեն տարածքը: Թվով 70 առևտրականի առաջարկվում է նոր տարածք՝ առանց հիմնավորման: Նշենք, որ շենքը հավատարմագրման կառավարման է հանձնվել ՀՀԿ-ին:
Ըստ առևտրականների, իրենք տեղյակ չեն՝ ով է այս ամենի պատասխանատուն: Պայմանագիրը կնքել են Վահագն Համբարձումյանի հետ, որի աշխատակիցներն էլ յուաքանչյուր ամիս 35 հազար դրամ վարձն են հավաքել և տվել համապատասխան կտրոն:
«Ոչ մի հարցում չենք թերացել, հանում են, տանում են չգիտենք՝ ուր»,- ասաց առևտրականներից մեկն ու միացավ Սյունիքի մարզպետարանի շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիային:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղում չէր, և նրանց ընդունեց փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Վերջինս հավաստիացրեց, որ կուսումնասիրի հարցը և կներկայացնի մարզպետին: Ի դեպ, Վաչե Գրիգորյանը ՀՀԿ Կապանի տարածքային վարչության նախագահն է:
Իր հերթին հանրախանութի պատասխանատու Վահագն Համբարձումյանն ասել է, որ ոչ մի ապօրինի քայլ չկա: Պայմանագրերը կնքված են անորոշ ժամկետով, որոնք, գործող կարգի համաձայն, հնարավոր է լուծել, եթե մեկ շաբաթ առաջ կողմերից որևէ մեկը այդ մասին գրավոր տեղեկացնում է: