Google-ի «անմարդկային պայմանները»՝ հայի աչքերով (տեսանյութ, լուսանկարներ)

«Google-ում «անմարդկային պայմաններ» ասվածը լավ իմաստով է: Իրականում ավելի լավ պայմաններ ոչ մի տեղ չեն լինում: Google ընկերությունն անում է ամեն ինչ՝ իր աշխատակիցների համար հարմարավետ աշխատանքի պայմաններ առաջարկելու համար»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Google Developer Group Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանը, ով մայիսի 13-18-ը գտնվում էր Google ընկերության գլխավոր գրասենյակում, որտեղ մասնակցում էր միաժամանակ երկու միջոցառումներին:

google (6)

Վ. Գրիգորյանի խոսքով՝ Google-ում մարդիկ աշխատում են՝ որտեղ ցանկանան. նրանք կարող են պարզապես իրենց համակարգիչը վերցնել և դրսում աշխատել, կամ, օրինակ, աշխատել պառկած՝ հատուկ նախատեսված հարմարավետ աթոռների վրա: Իհարկե, եթե տվյալ պահին որևէ հատուկ ժողով կամ հանդիպում նշանակված չէ:

«Google-ում աշխատողները կարող են իրենց գրասենյակում չլինել, շատ հանգիստ շենքից դուրս գալ, երբ ցանկանում են, կամ անգամ օրը մեկ ժամ աշխատել, եթե, իհարկե, այդ ընթացքում կարողանան իրենց աշխատանքն ավարտին հասցնել»,- ասաց Վ. Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ևս կան գրասենյակներ, որտեղ աշխատողներն ազատ գրաֆիկով են աշխատում, պարզապես տարբերությունն այն է, որ Google-ում պայմաններն այնքան լավն են, որ աշխատողն այդ մի տարածքում գտնում է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իրեն օրվա մեջ:

Կարդացեք նաև

google (4)

google (2)

«Այնտեղ աշխատողը հաճախ ինքը չի ցանկանում դուրս գալ այդ տարածքից, որովհետև այնտեղ ամեն ինչ կարող ես գտնել, օրինակ, ցնցուղ՝ լողանալու համար, մարզասրահ, խաղասրահ, հեծանիվներ, և այլն: Բացի այդ, այնտեղ կան բոլորովին տարբեր ճաշացանկով 6 ճաշարաններ, որտեղ կարող եք գտնել չինական, թաիլանդական, ամերիկյան և այլ խոհանցների ուտեստներ, որտեղ կարելի է անվճար սնվել: Այնտեղ անգամ քնելու համար հատուկ սենյակներ կան, որտեղ կարելի է նայել ակվարիումներին ու քնել»,- ասաց Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ, ցավոք, շատ բան իրեն թույլ չեն տվել նկարահանել:

google (5)

google (1)

«Եթե որևէ բան արգելված է, կարևոր չէ, թե ով ես դու, արգելում են բոլորին, իսկ եթե ինչ-որ բան թույլատրված է, այն թույլ են տալիս բոլորին»,- ասաց Վ. Գրիգորյանը:

Ձեզ ենք ներկայացնում 168.am-ին տրամադրած Վ. Գրիգորյանի տեսանյութը:

Google Developer Group Հայաստանի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:

Տեսանյութեր

Լրահոս