Բաժիններ՝

Բանկերը կարկուտից տուժած ջրաշենցիներից տոկոսներ են պահանջում

Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքը վերջին կարկտահարություններից 100 տոկոսով տուժածներից մեկն է համարվում: Մայիսի 12-ին այստեղ տեղացած կարկուտն ամբողջովին ոչնչացրել է 82 հա պտղատու այգիների, 17-18 հա խաղողի և մոտ 42 հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները: Մինչ օրս ՀՀ կառավարությունը ջրաշենցիներին հատկացրել է միայն սերմացու՝ վարունգի, լոլիկի, եգիպտացորենի, ձմերուկի և արևածաղկի: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց գյուղապետ Խաչատուր Դավթյանը՝ հավելելով, որ խոստացել են նաև հողի հարկն ու ջրի վարձը փոխհատուցել:

Հարցին՝ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն կտրվի, ի՞նչ է արվել այդ առումով, Խ. Դավթյանը պատասխանեց, որ այսօր՝ մայիսի 30-ին մարզպետարանում որոշել է Ջրաշենի 25 ընտանիքների միանվագ տալ 48.000 դրամ գումար: Տուժածներին օգնելու համար բացված հիմնադրամում հավաքված գումարը պետք է բաժանվի 22 համայնքների 12.500 ընտանիքներին:

Խ.Դավթյանի խոսքով՝ ամբողջ օրը գյուղացիները բանկերի հետ «պատերազմի մեջ» են. բանկերը և վարկային կազմակերպությունները հայտարարում են, թե ոչ մի հրահանգ չեն ստացել կառավարությունից կամ Կենտրոնական բանկից և պահանջում են իրենց տոկոսները:

«Գյուղացիները զանգում են ինձ, ես դիմում եմ մարզպետարան, մարզպետանից՝ ԿԲ, բայց ոչ մի արդյունք չկա, իսկ բանկերը իրենց տոկոսներն են ուզում»,- ասաց Խ.Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս