Ֆերմերն ընդդեմ «ՀայՌուսգազարդ»-ի. գործը կարող է հասնել Եվրոդատարան
2008թ. հոկտեմբերին Լոռու մարզում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմեր Սամվել Հարությունյանին պատկանող ջերմոցների գազամատակարարումը դադարեցվել է, որի արդյունքում վերջինս կրել է 44 մլն ՀՀ դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
«Ամբողջ աշխատանքը կատարված էր և ընդամենը 10 օրից բերքը կարելի էր շուկա հանել, վերցնում և անջատում են գազամատակարարումը, որի հետևանքով ամբողջ բերքը ցրտահարվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով տեղի ունեցածը ասաց Լոռու մարզում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ֆերմեր Սամվել Հարությունյանը:
Կատարվածից հետո ֆերմերը մի քանի անգամ նամակով դիմել է «ՀայՌուսգազարդ»-ին՝ խնդրելով վերականգնել գազամատակարարումը, սակայն այն վերականգնվել բերքը ամբողջովին ցրտահարվելուց հետո։
Ընդ որում, բանախոսի ներկայացմամբ, «ՀայՌուսգազարդ»-ը գազամատակարարումը դադարեցրել է ոչ թե անջատելու եղանակով, այլ զոդման միջոցով կտրել են գազի խողովակը՝ հիմնավորելով, որ պատճառը Սամվել Հարությունյանի կողմից չվճարված պարտքերն են:
Սամվել Հարությունյանի փաստաբան Նազենի Վարդանյանի խոսքով՝ դա դիտավորյալ պատճառված վնաս է՝ հայտարարելով, որ ֆերմերը անգամ 78 000 ՀՀ դրամի գերավճար է ունեցել մուծված:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Սամվել Հարությունյանը «ՀայՌուսգազարդ»-ի դեմ հայց է ներկայացրել և առաջին ատյանի դատարանի վճիռը եղել է ի օգուտ հայցվորի: Այսքանով գործը չի ավարտվել «ՀայՌուսգազարդն» իր հերթին վերաքննիչ դատարան է դիմել, որտեղ որոշումը եղել է վերջիններիս օգտին:
Այդուհանդերձ փաստաբան Նազենի Վարդանյանը նշեց, որ իրենք պատրաստվում են վճռաբեկ դատարան դիմել և եթե վճռաբեկ դատարանը չընդունի հայցը կամ հակառակ որոշում կայացնի, ապա կդիմեն նաեւ Եվրոդատարան: