Ծխախոտով խաղային ապարատները համարվում են շահումով խաղեր և լիցենզավորման ենթակա են. ՖՆ
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ շահման հնարավորություն է ստեղծում: Միաժամանակ օրենքը շահումով խաղերի համար նախատեսում է լիցենզավորման գործընթաց` սահմանելով 5 մլն դրամ տարեկան պետական տուրք:
Հաշվի առնելով փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարողներին ֆինանսական պարտավորություններով չծանրաբեռնելու հանգամանքը` ֆինանսների նախարությունը դեռեւս 2008 թ.-ին է հստակեցրել եւ պարզաբանել, որ խաղային ապարատներում գտնվող որոշ դասակարգչի ծածկագրին դասվող ապրանքատեսակներ չեն դիտարկելու շահումով խաղեր: Դրանք հիմնականում խաղալիքներն են: Մինչդեռ խաղային ապակե արկղերում հայտնվել են նաեւ նշված դասակարգիչներին չդասվող ապրանքատեսակներ` ծխախոտ, հեռախոս եւ այլն, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկի մեջ, հետեւաբար օրենքով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման:
ՀՀ ֆինանսների նախարարություն