Ինչի՞ եք խալխի շառը ուրիշի վրա… հիմա եթե մի միլիոնատեր Հանրապետական կա, ուրեմն՝ բոլորը միլիոնատեր են հա՞ ՀՀԿ-ում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի խոսքով՝ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ էներգակիր պետությունները հաճախ ճնշման միջոց են օգտագործում գների բարձրացումը: Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ մարդկանց մի մասը Հայաստանում գազի գնի բարձրացումը քաղաքական ճնշման հետևանք է համարում: Բայց միաժամանակ նա նշեց, թե  էներգետիկ ռեսուրսների գները միջազգային շուկայում հաճախ են փոփոխության ենթարկվում.

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը գազի գնի բարձրացմամբ ճնշում է գործադրում ռազմավարական դաշնակցի վրա, որովեհտև իրենց համար ակնհայտ է, որ ամենահավատարիմ դաշնակիցը տարածաշրջանում՝ Հայաստանն է: Չեմ կարծում, թե արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը  սխալ է թույլ տվել: Նախագահը հավասարակշռված, հեռատես քաղականություն է վարում»,- նշեց պատգամավորը:

Համլետ Հարությունյանը չի կարծում, թե գազի այն գինը, որը հիմա առաջարկվում է Հայաստանին, տարածաշրջանային մյուս երկրների հետ համեմատ՝ բարձր է, շեշտելով, որ Ռուսաստանը միասնական գազի գին չունի: Հարցին, թե բարձրացնելով գազի գինը Հայաստանը չպետք է վերանայի՞ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազաների հարց, Համլետ Հարությանը պատասխանեց, թե Ռուսաստանի քայլը Հայաստանի համար չպետք է «ուլտիմատման պատասխան լինի»:

168.am-ի հարցին՝ կարծում եք, հասարակությունը պատա՞ստ է բարձր գին վճարել գազի դիմաց, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Է, ես էլ պատրաստ չեմ: Խնայողություն պետք է անենք: Ես երկու անգամ Գերմանիայում եղել եմ ու լավ ուսումնասիրել եմ գերմանական ֆենոմենը, պատկերացրեք, որ ամենակարևորին իրենք խնայողություններով են հասել: Չգիտեմ՝ ձմեռը դեռ չի եկել, չեմ կարող ասել՝ որքան կվճարենք: Բայց մեծ տարբերություն չէ՝ 24 դրամ, հա՞»:

Դիտարկմանը, թե 16.000 դրամ աշխատավաձ ստացող բնակչի համար դա բավական մեծ գումար է, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Դե 16.000 ստացողին ինչ թիվ էլ ասես՝ թանկ կլինի: Բայց հիվանդագին չի լինի: Ցանկացած թանկացում բոլորի վրա ազդում է»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե թանկացումները միայն Հանրապետականի վրա չեն ազդում, նա այսպես արձագանքեց. «Հանարեպատյանը 150.000-ից շատ անդամ ունի՝ ես չեմ գտնում ճիշտ արտահայտություն է: Ո՞նց կարելի է ասել՝ հանրապետական, դաշնակ… կա մարդ, կա կենսագրություն, ինչի՞ եք խալխի շառը ուրիշի վրա… հիմա եթե մի միլիոնատեր Հանրապետական կա, ուրեմն՝ բոլորը միլիոնատեր են հա՞ Հանրապետականում»:

Տեսանյութեր

Լրահոս