Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների հայցադիմումի գործով դատաքննությունը՝ հունիսի 2-ին
Հուլիսի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի կունենա Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ընկերության և Առաջին լրատվական ընկերության հայցադիմումի գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Այսօրվա նախնական դատական նիստում որոշվեց, որ գործը նախապատրաստված է դատաքննությանը, որը կընթանա դասական կարգով՝ հանդես կգան հայցվորների, ապա պատասխանողների ներկայացուցիչները, ապա կապացուցվեն գործի գրավոր ապացույցները:
Պատասխանողների ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ «Առաջին լրատվականը» որևէ առնչություն չունի վիճարկվող հոդվածների հրապարակման հետ, ուստի ինքը չի կարող ներկայացնել ապացույցներ մի բանի մասին, որը գոյություն չունի: «Մենք այդ հոդվածները չենք տպագրել և չենք կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- հայտարարեց պատասխանողի ներկայացուցիչը: Իսկ «Ժամանակ» օրաթերթը հայցվորներին արատավորող որևէ տեղեկատվություն չի հրապարակել, այդուհանդերձ, եթե հայցվորը դիմեր թերթին, իրենք կարձագանքեին՝ թերթին դիմել է անձը, որը որպես պատշաճ ներկայացուցիչ չի դիտվել, քանի որ դիմումին կցված չի եղել համապատասխան լիազորագիր: Կողմը միաժամանակ հայտարարեց, որ պատրաստ է կնքել հաշտության պայմանագիր հայցվոր կողմի հետ, տպագրել հերքում, եթե հերքման տեքստը չի նվաստացնի լրատվամիջոցի պատիվը:
Դատարանի պարզաբանմամբ, հայցվոր կողմը պետք է հիմնավորի, որ «Առաջին լրատվականը» հրապարակել է հոդվածները և որ պատասխանողները հրապարակել են զրպարտություն հանդիսացող տեղեկատվություն, իսկ պատասխանողը պետք է ապացուցի, որ հրապարակումները զրպարտություն հանդիսացող տեղեկություններ չեն հանդիսանում:
Հայցվորները վիճարկում են 2012թ. նոյեմբերի 27-ին և 29-ին հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» և «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտ»-ի հետ» հոդվածները: Հայցապահանջով հայցվորները պահանջում են 4 մլն դրամ հատուցում՝ արատավորող տեղեկություններ հրապարակելու համար, ևս մեկ միլիոն դրամ կողմը պահանջում է հատուցել որպես դատական ծախսեր, այդ թվում՝ փաստաբանի ողջամիտ վարձատրություն: