Հաջորդ շաբաթ Հորդանանում մեկնարկելու են 18 երկրի մասնակցությամբ մասշտաբային զորավարժություններ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ Հորդանանում մեկնարկելու են Eager Lion 2013 (Տենչացող առյուծ 2013) մասշտաբային զորավարժությունները: Դրանց մասնակցելու է 18 երկրի ավելի քան 15.000 զինծառայող:
Զորավարժությունները տևելու են երկու շաբաթ: Դրանք անցկացվելու են Հորդանանի բանակի զորավարժարաններում, դպրոցներում ու հրամանատարական կետերում:
Զորավարժությանը մասնակից երկրներն են ԱՄՆ-ը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Եգիպտոսը, Կատարը, Պակիստանը, Լիբանանը, Եմենը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Իրաքը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Լեհաստանը, Չեխիան և բնականաբար Հորդանանը:
Իսրայելը չի մասնակցելու այդ զորավարժությանը, սակայն շարունակելու է «Հզբոլլահին» զենքի մատակարարումների հանդեպ «կարմիր գծի» իր քաղաքականությունը: Այլ կերպ ասած, Իսրայելը շարունակելու է ոչնչացնել զենքով լի ավտոշարասյունները, որոնք Իրանից Լիբանան են տեղափոխվում Սիրիայի և Աֆրիկայի մի շարք երկրների և մասնավորապես Սուդանի միջով:
Ի թիվս այլ հարցերի, զորավարժություններն ուղղված են Սիրիական հակամարտությանը հնարավոր միջամտություն ցուցաբերելու նախապատրաստությանը: Արևմտյան ռազմական չինովնիկներից մեկի խոսքերով՝ վերոնշյալ երկրների զինվորական կոնտինգենտը զորավարժությունների ավարտից հետո մնալու է Հորդանանում՝ անհրաժեշտության դեպքում Սիրիայում ընթացող իրադարձություններին միջամտելու համար: