Թուրքիայի զինված ուժերում «հրաժարականների երկրաշարժ» է. թուրքական մամուլ
Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերում «հրաժարականների երկրաշարժ» է: Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում զինված ուժերի հրամանատարությանը հրաժեշտ է տվել 300 սպա և ենթասպա:
Նրանք վաղաժամ պաշտոնաթողության դիմում են ներկայացրել: Նրանց մի մասը մայիսին նախապես իմացել է, որ պետք է տեղափոխվի երկրի արևելյան ու հարավ-արևելյան (քրդաբնակ) շրջաններ, ինչից հետո պաշտոնաթողության դիմում են գրել:
Նշվում է, որ վերջին 8 տարում՝ 2005 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում, սեփական ցանկությամբ Թուրքիայի զինված ուժերը լքել է 44.945 մարդ: Նրանցից 8349-ը սպաներ են, 23.007-ը՝ ենթասպաներ, իսկ 13.589-ը՝ մասնագիտացած սերժանտ: