Ադրբեջանի նախագահական ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափորոշիչներին. Մինյոն
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը մայիսի 25-28-ին իրականացրած իր ադրբեջանական այցի արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:
Դրանում Մինյոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջովին պահպանել Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ ժողովրդավարական ազատությունների լիովին ապահովումը:
Նա կոչ է արել ամրագրել Եվրոպայի Խորհրդի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը՝ կապված Նախարարների հանձնաժողովում Ադրբեջանի առաջիկա նախագահության հետ, որը մեկնարկելու է 2014 թվականի մայիսին:
Հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված՝ Մինյոնն ընդգծել է, որ դա լավ հնարավորություն է՝ ի ցույց դնելու համար ժողովրդավարության հանդեպ երկրի հավատարիմ լինելը:
Նա կոչ է արել ընտրություններն անցկացնել ընտրական ոլորտում եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ բազմակարծության, ազատ և բաց քաղաքական բանավեճերի մթնոլորտում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Մինյոնը կողմերին կոչ է արել հարցի լուծման ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պատրաստակամություն են հայտնել որոնել այդ խնդրի լուծման խաղաղ ուղիներ:
Մեր ասամբլեան խորհրդանական դիվանագիտության միջնորդությամբ պատրաստ է անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ երկու երկրների պատվիրակությունների միջև երկխոսությանն ու վստահության հաստատմանն աջակցելու համար»: