Ինչու է Հրայր Թովմասյանն իր աշխատավարձը փոխանցել գյուղացիներին
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձն արդեն փոխացել է Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հաշվեհամարին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Ինձ այնքան չի հետաքրքրում գումար փոխանցելը, որքան այն, թե հայ մարդը ինչպես է կանգնում մյուս հայի կողքին, որն ունի դրա անրաժեշտությունը: Սա միասնականության խնդիր է, որ մենք միասին ենք, որ նեղ ընկած մարդու կողքին կարող ենք կանգնել: Իսկ մեզանում հիմա մի տեսակ սառել է այս ուղղությունը: Եվ ես հույս ունեմ, որ այս երևույթը կվերանա: Այստեղ ինձ համար ոչ այքան գումարն է կարևոր, այլ այն, թե որքան շատ մարդիկ կկանգնեն իրար կողքի»,- մեզ հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը:
Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախարարները ևս որոշել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել, երբ Կառավարությունը գյուղացիների վնասը փոխհատուցելու մասին որոշում է կայացրել, Հ. Թովմասյանը պատասխանեց. «Սրանք տարբեր բաներ են: Մի դեպքում դրանք անձնական միջոցներ են, մյուս դեպքում՝ բյուջեի»: