Սպառողական զամբյուղն անապահովների համար կթանկանա առնվազն 15%-ով
Գազի գնի բարձրացումից և դրա հետևանքով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումից հետո անապահով խավի համար սպառողական զամբյուղի արժեքի աճը կգերազանցի շուրջ 15%-ը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նշենք, որ այսօր սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է 50 000 դրամը։
Ըստ Հ. Մեսրոբյանի՝ անապահով խավի սպառողական զամբյուղում շատ մեծ տեսակարար կշիռ են կազմում կոմունալ ծախսերը, հացը և առաջին անհրաժեշտության ապրանքները, և դրանում չի կարելի հաշվարկել ընդհանուր սպառողական ապրանքները:
Հ.Մեսրոբյանի խոսքով՝ ըստ էության հացը չի թանկանա, փոխարենը հացի քաշը առնվազն 10%-ով կիջնի, իսկ տրանսպորտը կթանկանա 10%-ից ոչ պակաս:
Նշենք, որ օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե իրենց հաշվարկներով, գազի գնի փոփոխման հետևանքով հացը կթանկանա 4 դրամով, իսկ տրանսպորտը՝ 11 դրամով: