Ֆրանսիական GDF Suez ընկերությունը դարձել է Nabucco-ի բաժնետեր
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը հայտարարել է Nabucco գազատարի նախագծում նոր գործընկերոջ մասին: Խոսքը գնում է ֆրանսիական GDF Suez SA էներգետիկ-կոմունալ ընկերության մասին, որը OMV-ից գնել է տվյալ նախագծի բաժնետոմսերի մոտ 9 տոկոսը:
Դրանով իսկ GDF Suez-ը նախագծում փոխարինեց գերմանական RWE AG-ին, ով Nabucco-ի նախագծում ունեցած իր 17 տոկոսանոց բաժնեմասը OMV-ին էր վաճառել այս տարվա ապրիլի կեսերին:
Ակնկալվում է, որ GDF Suez-ի և OMV-ի միջև գործարքը կավարտվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Ընկերությունները պայմանավորվել են չհրապարակել գործարքի ֆինանսական պայմանները:
Հիշեցնենք, որ GDF Suez-ն ընդգրկված է ճապոնական այն կոնսորցիումի կազմում, որը վերջերս ստացավ Սինոպի ատոմակայանը կառուցելու իրավունք, որով Թուրքիան հուսով է ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա: