Վլադիմիր Գասպարյանը՝ Ներսես Նազարյանի մասին. Այդ տղային հանգիստ թողեք
«Հոգեբուժարան տեղափոխված կնոջ հարցն անձամբ իմ ուշադրության կենտրոնում է»,- լրագրողների հետ զրույցում այսօր Սարդարապատի հուշահամալիրում ասաց ՀՀ ոստիկաապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով 70-ամյա Ամալյա Նազարեթյանին, ում բռնի ուժով տեղափոխել են Ավանի հոգեբուժական կլինիկա:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների՝ Նազարեթյանի բնակարանը գտնվում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկում, և խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին և երկրորդ հարկերի միջև, բայց բնակչուհին դեմ է եղել:
«Բժիշկների միջնորդությամբ ու դատարանի որոշմամբ նման փաստաթուղթ է տրվել, որի հիման վրա էլ նա գտնվում է այնտեղ: Մեզ խանգարեցին չաշխատանքային օրերը, չնայած մեզ համար դրանք աշխատանքային էին, կարծում եմ՝ ամեն ինչ հսկողության տակ է, ոչ մի մտավախություններ լինել չեն կարող: Նաև չեմ կարծում, թե մենք կհանդուրժենք անարդարությունը նման պարագաներում՝ դա անընդունելի է»,- ասաց Վ. Գասպարյանը:
Հարցին, թե ի՞նչ եք կարծում, «Իդեալ» խանութի հե՞տ էին իսկապես խնդիրներ ծագել, Վ. Գասպարյանը այսպես արձագանքեց. «Գիտեք՝ ինչ կա. երբ ես կարծում եմ կամ ինձ թվում է՝ ես խաչակնքվում եմ: Այս պարագայում ես՝ որպես ոստիկանապետ, կարծիքներ հայտնեմ կամ ենթադրեմ, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ կլինի»:
Անդրադառնալով լուրերին, թե ոստիկանները այս գործում ևս ներգրավված են եղել, ՀՀ ոստիկանապետն ընդգծեց. «Ոստիկանները ներգրավված լինել չեն կարող, եթե դատարանի որոշում չկա: Իսկ եթե դատարանի որոշում կա, ոստիկաններն ընդամենը կատարում են իրենց ծառայողական պարտականությունները: Ի սկզբանե ասում եմ՝ ոստիկանական ոչինչ այդտեղ չկար, որովհետև արդեն ուսումնասիրություններ ունենք ու հասկանում ենք՝ ինչը ինչումն է: Ուղղակի չենք կարող տիկնոջ հետ խոսել, հիվանդանոց գնալ, ոչ աշխատանքային օրեր են, կարծում եմ՝ վաղն ավելի առարկայական կխոսենք: Փատաթղթերով ու այն երևույթներով ինչ-որ կա, ամեն ինչ օրինական է ոնց որ»:
Վ. Գասպարյանը չի կարծում, թե այս երկրում ու նման ոստիականության պարագայում ինչ-որ մեկը կարող է լծակ ունենալ: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը պաշտոնանկությունից հետո որոշակի լծակներ պահպանի հակարագում, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Անհամեստ լինեմ՝ ասեմ՝ իմ պայմաններում նման լծակներ չեն աշխատում: Բացառում եմ՝ էն էլ ոնց»:
Հարցին, թե՝ հնարավո՞ր է ոստիկանության համակարգում տեսնենք այժմ կադրային ռեզերվում գտնվող Ներսես Նազարյանին, գոնե այն հրամանների մասով, որոնք Դուք եք ստորագրում, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Դուք չեք հոգնե՞լ: Թողեք այդ տղային հանգիստ: Տասը տարի աշխատել է՝ թող մի քիչ հանգստանա: Ես անկանխատեսելի անձնավորություն եմ, բայց արդար»: