Վլադիմիր Գասպարյանը՝ Սուրեն Խաչատրյանի մասին. Ինքը ընդհանրապես գողական չի, ինքը մարզպետ ա
168.am-ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից այսօր հետաքրքվեց, թե արդյոք «գողական» մտածելակերպը պատգամավորների շրջանում նվազե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան Վ. Գասպարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ պատգամավորները, հասարակությունն ու հատկապես լրագրողները բավական լավ արձագանքեցին: Մենք մի հիվանդություն, այնուամենայնիվ, մեր մեջ բժշկեցինք և խոսքը պատգամավորների մասին չէ միայն: Քաղաքական առումով ասում են՝ գաղջ մթնոլորտ, իսկ մեզանում՝ կրիմինալ մթնոլորտ. լեքսիկոններ, մտածելակերպ, բառապաշար… Ես կարծում եմ, այս հարցում լավ դեր խաղացինք, մեզնից շատ շատերը շտկվեցին»
Անդրադառնալով վերջին օրերին Վ. Գասպարյանի կողմից Սյունիք ու ԼՂՀ կատարած այցելություններին, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այցելությունների ժամանակ վերացվե՞ց տեղի «կրիմինալ» մթնոլորտը: Ի պատասխան Վ. Գասպարյանն ասաց. «Ես շատ ավելի շատ եմ տեսնում, քան քաղաքացին, որովհետև մասնագիտական է, մեր քաղաքացին միանգամից ընկալում է լավը, բարին, ճիշտը, ճշմարիտը ու, կարծում եմ, որ ինչ-որ մի բան կարողացել ենք փոխել մոտեցումների հարցում: Գոնե կարողացել ենք անպատժելիության մթնոլորտը դնել մեր ուշադրության կենտրոնում, կարողացել ենք տարրական մոտեցումները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում՝ կարողացել ենք, ինձ էլ թվում է, որ մեզ մոտ ստացվել է քաղաքացու-ոստիկանի միջև երկխոսությունը: Հասարակությանը հասկանալու համար մենք ինքներս պետք է հասկանանք՝ առաջին հերթին մենք քաղաքացի ենք, հետո նոր ոստիկան»:
Դիտարկմանը, թե Սյունիքում տեղի ունեցող միջադեպերի ժամանակ շատ հաճախ մարզպետի անունն է շրջանառվում, Վ. Գասպարյանն այսպես արձագանքեց. «Մենք շփում ենք ունեցել մարզպետի հետ ու, կարծում եմ, որ մենք ամեն ինչ մի քիչ շատ չափազանցնում ենք: Ինքը (խոսքը Սուրեն Խաչատրյանի մասին է,- Տ.Մ.) ընդհանրապես գողական չի, ինքը մարզպետ ա: Հավատեցեք իմ խոսքին, ինքն այդպիսին ա»:
168.am-ի հարցին, թե մարզպետների մեջ գողականներ չկա՞ն, Վ. Գասպարյանը պատասխանեց, «Կարծում եմ՝ ոչ: Մեր պայմաններում նման բան լինել չի կարող, ի սկզբանե չկա: Մենք ուղղակի վատ սովորություն ունենք անուններ կպցնելու, իմանալով-չիմանալով շարանը շարում ենք: Մանր ա… պետք չէ դա անել»: